Չապլինը կինեմատոգրաֆիայի բազմատաղանդ վարպետ է, ով նաև կինոյի ասպարեզում ստեղծել է աշխարհի ամենահայտնի` թափառաշրջիկ Չարլիի կերպարը:Չարլի Չապլինը ծնվել է 1889 թ.-ի այս օրը Լոնդոնում` դերասանների ընտանիքում: Նրա հոր` Չարլզ Սպենսեր Չապլինի բեմական կարիերան ողբերգական ավարտ է ունենում: Նա կորցնում է ձայնը, սկսում է խմել և մահանում է 1894 թ.-ին լոնդոնյան Սբ. Ֆոմի հիվանդանոցում: Չապլինի մայրը` Հաննա Չապլինը, ամուսնու մահից անմիջապես հետո ծանր հիվանդանում է և 1896 թ.-ին կորցնում գիտակցությունը:
Սիդ և Չարլի եղբայրները մոր հետ հայտնվում են Լամբատե տանը, իսկ այնուհետև եղբայրներին հանձնում են աղքատ և որբ երեխաների համար նախատեսված դպրոցին: Սիդը և Չարլին ստիպված են լինում ինքնուրույն վաստակել ապրուստի միջոցներ:Չարլին առաջին անգամ բեմում ելույթ է ունեցել հինգ տարեկան հասակում: Արդեն 9 տարեկանում նա ընդունվել է «Ութ լանկաշիրյան տղաներ» պարային խումբ: Հետաքրքրական է այն, որ հետագայում քննադատները Չապլինի ֆիլմերն անվանել են «ֆիլմ-բալետներ»:1900 թ.-ի Սուրբ Ծնունդին «Լանկաշիրյան տղաները» բեմադրում են «Մոխրոտիկը» մնջախաղի ժանրում: Հենց այստեղ է, որ Չապլինը` կատվի կոստյումով, առաջին անգամ հնարավորություն է ստանում զվարճացնել հանդիսատեսին:14 տարեկանում Չապլինը մշտական աշխատանք է ստանում թատրոնում և կատարում է «Շերլոկ Հոմս» պիեսի Բիլլի դերը: Այդ ժամանակ Չարլին դեռ գրաճանաչ չէր: Երբ նրան տալիս են դերի տեքստը, նա վախենում է, որ իրեն կխնդրեն կարդալ: Դերը սովորել նրան օգնում է եղբայրը` Սիդը:
16 տարեկանից Չապլինը սկսում է ջութակ նվագել: Նա ջութակ է նվագում օրական 4-16 ժամ և ուսանում է իր ծանոթներից մեկի` թատերական խմբավարի մոտ: Արդեն 1914 թ.-ին Չապլինն ինքնուրույն նկարահանում է իր առաջին ֆիլմը` «Անձրևի տակ մնացածը», որում նա հանդես է գալիս որպես դերասան, ռեժիսոր և սցենարի հեղինակ:Մինչև 1922 թ.-ը Չապլինը չի ունենում բնակարան և ապրում է վարձու տներում, հյուրանոցներում և ակումբներում: 1922 թ.-ին նա կառուցում է իր տունը Բեվերլի-Հիլզում, որը բացի 40 սենյակներից ունենում է նաև կինոսրահ և երգեհոն:Չապլինին ճանաչում է բերել համր կինոն, ու չնայած 1927 թ.-ին կինոն արդեն ձայն ուներ, նա մի ամբողջ տասնամյակ հավատարիմ է մնում «հին սարքավորումներին»: Առաջին անգամ ամբողջական ձայնային պատկեր ունեցել է Չապլինի «Հանճարեղ բռնապետը» ֆիլմը, որը հակաֆաշիստական էր և նկարահանվել է 1940 թ.-ին:
Չապլինն ամուսնացած է եղել 4 անգամ և ունեցել է 11 երեխա: Նրա զավակներից ոմանք իրենց ուժերն են փորձել` որպես դերասան, սակայն ամենամեծ ճանաչումն ունեցել է դերասանուհի Ջերալդա Չապլինը:Հ.Գ.- Թափառաշրջիկի կերպարն առաջին անգամ ի հայտ է եկել «Մեյբելի անհավանական ծանր դրությունը» ֆիլմում, իսկ մեկ այլ տարբերակով` «Մանկական ավտոմեքենանարի մրցավազք» ֆիլմում, որը նկարահանվել է ավելի ուշ, բայց էկրան է բարձրացել նախորդ ֆիլմից մեկ շաբաթ առաջ:
Комментариев нет:
Отправить комментарий